Ամբողջ աշխարհում, տատիս տան փակ պատշգամբի ձախ անկյունն իմ համար ամենատաքն էր, վառարանի վրա եփված կճեպով կարտոֆիլը` ներսում կարագ, ամենահամեղը, իսկ նարնջագույն ռադիոն` ամենաիսկականը:
Ամանորն ինձ համար կարտոֆիլի ու գաթայի հոտն էր, մինչ այն պահը, երբ կողքիս հարեւանը կատարեց դարի բացահայտումը` երկու տղաները կերել էին տան խոհանոցի պահարանի բռնակից կախված բաստուրմայի ու երշիկի կեսը: Որ Աիդա տոտան (կամ Այծը, ինչպես հարեւաններն էին իրար մեջ ասում) իզուր էր այդքան բարկացել, ես հասկացա հին Ամանորին` իրենց տուն մարդ չեկավ. ոտքով, Երեւանի մի ծայրից մյուսը, դժվար թե հասնեին… Մեր հյուրերն էլ շատ չէին: Ով էլ եկավ, նույն բանն ինձ տվեց ու նույն բանն էլ ասեց.
-Լուսին ջան, տես Ձմեռ Պապին քեզ իիինչ է բերել…
Էլի թերթի կուլոկ` մեջը 2 մանդարին, 2 խնձոր, մի հատ նարինջ: Երեւի Ձմեռ Պապին էլ էր ոտքով եկել, կամ էլ եղնիկներին ծանրություն չէր կարելի: Այծ տոտայի տղաները մեր տան բաստուրման մենակ կերան: Ուզում էին առանց լույսի հեռուստացույցը միացնել, վրան դրված փոքր տոնածառի «գլուխն» էլ կերան: Երեկոյան, վառարանի կողքին մաման «սլայոննի» խմոր էր բացում ու տատիկին պատմում էր, որ Այծի երեխեքը տուն հասնելուն պես ծեծ էլ են կերել: Մի ամբողջ օր, ես փորձում էի ճշտել, թե այդ ինչ ուտելիք է «ծեծը», հետո, երբ պարզեցի, մեր հյուրերին պատմում էի Այծի տղաների կերած ծեծի մասին ու ավելացնում. «Շատ, ջիգյարով, յողոտ ծեծ էր»:
Հաջորդ տարի, նոյեմբերից, տատս խնձորը ֆոլգայով փաթաթեց ու սկսեց պատրաստվել Ամանորին: Քաղցր սուջուխն էլ…Չարազեղենն էլ… Տեղը գտա: Այծ տոտայի տղաներն էլ օգնեցին ու մի-մի հատով, կես-կես կտորներով, ամեն ինչ դատարկվեց մինչեւ Նոր տարի: Այծենց տնից զանգեցի Ձմեռ Պապուն ու խնդրեցի, որ նվեր չբերի, թող մեր չարազեղենի տոպրակն էլի լիքը լինի ու նոր սուջուխներ պարանից կախվեն: Երեւի համարն էի սխալ հավաքել, որովհետեւ մերոնք արգելեցին Այծի տղաների հետ խաղալ: Իրենք դեռ չգիտեին, որ առաջիկա մյուս տարիներին մեր տան նախատոնական տոպրակները դատարկվելու են հարազատ երկու եղբայրներիս օգնությամբ: Ի դեպ, իրենց գոյության համար երկուսն էլ պարտական են Ձմեռ Պապուն ուղղարկած իմ նամակներին: Այդ Ամանորին Այծենց սեղանին երկու կարմիր մոմ էր ու մի ափսե կարմիր պղպեղի պահածո, նավթի հոտից խեղդվում էի ու մտածում. «Այծը ինչ էլ բռնացրել է բիբարի ու մոմի գույնը, սազում են իրար»: Իմ նվերն էլ գունավոր, պլաստմասե զսպանակ էր, շատ երկար էր ու համ բռասլետ էր դառնում, համ էլ վզնոց…
Մյուս Նոր տարիները Այծը ուրիշ տեղ էր նշում, համենայն դեպս մյուս աշխարհում ու առանց տղաների: Հետո եկան ուրիշ Նոր տարիներ` երեքն առանց տոնածառի, մեկն առանց խաղալիքների, բայց լույսերի մեջ կորած տոնածառով (եղբայրներիս հետ խաղալիքները կոտրել ու փորձել էինք գունավոր լույսեր էր պատրաստել): Հենց այդ Ամանորի շեմին էր, որ ես իսկապես հասկացա «ծեծ ուտել» բառի իմաստը: Ձմեռ պապին
ինձ ժամանակից շուտ էր նվերը բերել` Անդերսենի հեքիաթների գիրքը: Գրքի սեւ կազմը պոկել էի, ու որ մերոնք գլխի չընկնեն, գիրքը դրել էի մամայիս անկողնու ծածկոցին ու կոշիկի «վաքսով» ներկել…
Մյուս Նոր տարիներն առանձնացան թութակով, ճագարով, սկյուռիկով ու կենդանական աշխարհի կենդանի ու փափուկ ներկայացուցիչներով, տարատեսակ զարդարանքներով, մոմերով ու փայլերով, բայց մի բան միշտ կիսատ էր: Մի դատարկության տեսակ էր, որ ես ի վիճակի չէի լցնել ոչ մի բանով, մի կարոտ էր, որ անհասցե էր, մի սպասում էր, որ չէր արդարանում, ապրելու մի տեսակ էր, որ իմաստավորվում էր, երբ հասկանում էի, որ մեր սեղանի շուրջը գտնվող աթոռներից մեկն էլի դատարկ է…
Պապաս երեկ նկատեց, որ մի ամիս է` ամանորյա խառը նախապատրաստությունների մեջ եմ: Այս տարի շտապում եմ, ինքս էլ չգիտեմ, թե ինչու: Անցյալ տարի՞ս: Ես հավատացի ինքս ինձ, իմ թեւերի լայնությանը, իմ թռիչքի բարձրությանը: Մի քիչ կամ վերջնականապես կորցրեցի հավատս մարդկանց հանդեպ, բայց դրանից աղոթքներս չլռեցին: Մի հարցում էլի նույնը մնացի, սովորեցի մոռանալ, բայց չներել ինձ պատճառած ցավը: Ու հասակացա նաեւ, որ բաց են թողնում երազանքը, այլ ոչ սերը: Ու կարեւորեցի նաեւ ճանապարհները հեռացման ու հիասթափության: Ու գտա նաեւ իմ հրաշքը:
Իաա, Ձմեռ Պա՞պ: Լույս քեզ տեսնողին, բայց, ի դեպ, կարելի էր թույլտվություն հարցնել, ականջ դնելուց ու արտագրելուց առաջ: Ներում եմ քեզ, որովհետեւ Ձմեռ Պապն ես, հակառակ դեպքում ազնիվ պինգվինի խոսք. «Անգամ քո եղջյուրավոր եղնիկները քեզ չէին փրկի»: Ինչը՞: Հա բա ո՞նց , չեմ մոռանում, հիմա կգրեմ. «Ձմեռ Պապ ջան, փրկիր ինձ` իմ մտքերից, մեզ փրկիր: Լույս տուր նրան, նրանց էլ տուր: Սովորեցրու գնահատել իմ ունեցածը, պահպանիր նրանց ամենաթանկը:
Ձմեռ պապ ջան, բայց նյութական խնդրանք էլ ունեմ, տես ես քո բոլոր խնդրանքները կատարում եմ: Խնդրում եմ էլի, ինձ համար մի հատ պուճուր, սպիտակ, մազերը ֆենած շուն բեր էլի, որ բանծիկ կապեմ, հետս տանեմ, թիթիզանամ…Համ էլ Նոր Տարիդ շնորհավոր Ձմեռ Պապ ջան: Սիրում եմ քեզ, էլի…
Քո ` Լուսին